ՀԻՄԱ-ն մասնակցեց Գյումրիի հանրահավաքին

Երեկ, հունիսի 28-ին, Գյումրիում տեղի ունեցավ ընդդիմության հերթական հանրահավաքը, որը գլխավորում էր ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքը կայացավ` չնայած Շիրակի մարզի և Գյումրիի իշխանությունների ճնշումներին, հունիսի 28-ը աշխատանքային օր դարձնելուն և անձրևոտ եղանակին: Հանրահավաքին մասնկացեցին նաև ՀԻՄԱ-ի ակտիվիստները:

Հանրահավաքի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղից:

Նկարները կարող եք դիտել այստեղից:

ՀԻՄԱ-ի տեսանյութը դիտեք ստորև`


Ծեծել են ՀԻՄԱ-ի ակտիվիստ Նարեկ Հովակիմյանին

Հունիսի 25-ին ժամը 15.50-ի սահմաններում ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի շենքից դուրս գալիս ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնության ակտիվիստ Նարեկ Հովակիմյանին են մոտեցել երկու հաղթանդամ երիտասարդ և անհեթեթ պատճառաբանություններով փորձել են հեռացնել փողոցի բանուկ մասից: Նարեկը, կռահելով` ինչումն է բանը, փորձել է խուսափել նրանցից և փորձել է հեռանալ: Սակայն հետևելով Նարեկին` անծանոթները "Ուրարտու" խանութի մոտի գետնանցումի մոտ հարձակվել են նրա վրա հարվածներ տեղացել, այնուհետև դիմել փախուստի: Նարեկին օգնություն են ցուցաբերել մոտակա խանութի աշխատակիցները: Քիչ անց ժամանած շտապօգնության մեքենան Նարեկին տեղափոխել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը և դատապարտում է նմանօրինակ բռնությունը և հայտարարում, որ ոչ մի պարագայում չի ընկրկելու իր որդեգրած ուղուց. դեռ ավելին` կրկնակի եռանդով է լծվելու իր գործին: ՀԻՄԱ-ն նաև հետևողական է լինելու, որպեսզի մեղավորները պատասխան տան օրենքի ողջ խստությամբ:

ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնություն

Հայտարարությանը միացել են նաև Երիտասարդ պահպանողականների միությունը և Հայաստանի ժողովրդական կուսակցության երիտասարդական կառույցը:

Հունիսի 20-ի հանրահավաքը, ի հեճուկս իշխանությունների, կայացավ



Հանրահավաքի մանրամասները կարող եք կարդալ Ա1+-ի կայքից:

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղից:

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի PDF տարբերակը կարող եք բեռնաթափել այստեղից:

ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի ձայնագրությունը կարող եք բեռնաթափել այստեղից:

Հանրահավաքի լուսանկարները կարող եք դիտել հետևյալ հղումներից`

Հանրահավաքի տեսանյութերը կարող եք դիտել YouTube-ի հետևյալ ալիքներից`
http://www.youtube.com/user/levonforpresident

Շարժման երիտասարդների 1-ին կոնգրեսը չկայացավ, բայց...

Այսօր, հունիսի 18-ին Համաժողովրդական շարժման երիտասարդները ծրագրել էին “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում անցկացնել Շարժման երիտասարդների առաջին կոնգրեսը: Դրան պետք է մասնակցեին Համաժողովրդական շարժմանն իրենց աջակցությունը հայտնած կուսակցությունների երիտթևերը, հասարակական կազմակերպությունները և այդ շարժման արդյունքում ծնված երիտասարդական շարժումներն ու նախաձեռնությունները, ինչպես նաև անհատներ և հասարակական գործիչներ: Սակայն ամբողջ պետական ապարատն աշխատել էր այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արվի Կոնգրեսն արգելելու համար: Գործին լծվել էր Կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս փոխնախարարի, Ազգային անվտանգության տեղական կառույցը և Ոստիկանությունը: Ժամը 18.00-ին նշանակված կոնգրեսն այդպես էլ չսկսվեց, սակայն ասում են “փոս փորողն իր փոսն է ընկնում”: Նախ երիտասարդները երթ արեցին հարավարևմտյան թաղամասում, ապա տրանսպորտային միջոցներով տեղափոխվելով քաղաքի կենտրոն և ամբողջ ճանապարհին մեր համաքաղաքացիներին տեղեկացնելով հունիսի 20-ի հանրահավաքի մասին` Երիտասարդական կոնգրեսը շարունակեցին Հյուսիսային պողոտայում: Եղան ելույթներ, ընթերցվեց Շարժման երիտասարդների առաջին կոնգրեսի հայտարարությունը, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց ներկաների կողմից:

Միանշանակ է, որ մեր իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ այլևս ի վիճակի չեն ուղղել ստեղծված իրավիճակը երկրում, իսկ տարբեր բանաձևերի շրջանակներում առաջադրված պահաջների կատարումը կրում է ֆիկտիվ բնույթ և միտված է թոզ փչել թե’ միջազգային հանրության և թե’ հայ ժողովրդի աչքին:

Կրկին անգամ երիտասարդները փաստում եմ և հաստատում, որ նրանց պայքարը հաղթական է, իսկ հաղթանակն էլ անխուսափելի:

Ստորև բերված է այն հայտարարության տեքստը, որի տակ ստորագրել են Կոնգրեսի մասնակիցները:


Շարժման երիտասարդների 1-ին կոնգրեսի

Հայտարարություն



Մենք` համաժողովրդական շարժման շուրջ համախմբված երիտասարդներս հայտարարում ենք.
Հավատարիմ մնալով Համաժողովրդական շարժման ոգուն և 1-ին ու 2-րդ կոնգրեսներում արտահայտված դիրքորոշմանը` ամբողջապես սատարում ենք Շարժմանը և պատրաստ ենք պայքարի մինչև հաղթանակը:
Լինելով Հայաստանի Հանրապետության անկախության առաջին սերունդը և անկախության գաղափարի կրողը` համարում ենք, որ մենք ենք մեր երկրի տերը և պնդում ենք, որ մեր երկրի իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ժողովրդավարական ճանապարհով, և միայն ու միայն ՀՀ քաղաքացին է, որ պետք է իր որոշիչ դերն ունենա այդ գործընթացում:
Փաստելով, որ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում և հետագա գործընթացներում ամբողջապես անտեսվել է ՀՀ քաղաքացու դերը և ընտրությունների ելքը որոշվել է ներկայիս ապօրինի վարչախմբի անմիջական միջամտությամբ, պահանջում ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
Մարտի 1-ին ՀՀ իշխանությունների անմիջական պատասխանատվությամբ տեղի ունեցած ոճրագործությունից հետո ստեղծված իրավիճակը, 100-ից ավելի քաղաքական բանտարկյալների և քաղաքական դրդապատճառներով հետապնդվողների առկայությունը, խոսքի ազատության սահմանափակումը, “ՀՀ երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին” օրենքում կատարված խայտառակ բռնապետական փոփոխությունները բացառում են Հայաստանի` որպես իրավական և ժողովրդավարական պետություն զարգացման, օրենքի գերակայության և սահմանադրական կարգի վերականգնման համար:
Հայաստանի Հանրապետության շահերից ելնող և ՀՀ քաղաքացիների պահանջներին համապատասխանող ԵԽԽՎ 2008թ. 1609 բանաձևի պահանջները մինչև օրս մնում են անկատար և կրում են զուտ իմիտացիոն բնույթ:
ՀՀ իշխանությունների կամայականությունները, մասնավորապես` հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքի ապօրինի չարտոնելը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ ոչ մի քայլ չի կատարվում ստեղծված լարվածությունը թուլացնելու համար և ժողովրդին` խաղաղ հանրահավաքների միջոցով սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն տալու ուղղությամբ:
Ուստի, հիմք ընդունելով այս ամենը` պահանջում ենք իրական քայլեր կատարել վերը թվարկված խնդիրների շուտափույթ լուծման համար:

Զգուշացնում ենք, որ զարգացումների ոչ ժողովրդավարական ընթացքը հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնց ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ՀՀ ներկա իշխանությունների, մասնավորապես` Սերժ Սարգսյանի և նրա կամակատարների վրա:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին իրենց ոգում կոտրել վախի զգացումը, վերագտնել ազատության շունչը և հետևողական պայքար մղել իրենց իրավունքների համար:

Ուստի, պայքար, պայքար մինչև վերջ:


Հայաստանի ժողովրդական կուսակցության երիտասարդական կառույց

“Հանրապետություն” կուսակցության երիտասարդական կառույց

“Ժառանգություն” կուսակցության երիտասարդական կառույց

“Նոր ժամանակներ” կուսակցության երիտասարդական կառույց

“Երիտասարդ պահպանողականներ” ՀԿ

“Այլընտրանք” հասարակական-քաղաքական նախաձեռնություն

“Արտ լաբորատորիա” մշակութային կազմակերպություն

“Հատուկ գունդ” երիտասարդական նախաձեռնություն

“ՍԿՍԵԼ Ա…” երիտասարդական նախաձեռնություն

“Մի խումբ ուսանողներ” երիտասարդական շարժում

“Ազգայնական ուսանողների խորհուրդ” ուսանողական շարժում

“ՀԻՄԱ” երիտասարդական նախաձեռնություն

Աննա Հակոբյան, ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կին

Հրանտ Տեր-Աբրահամյան, հրապարակախոս

Թևոս Մաթևոսյան, քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանի որդի

Դավիթ Մաթևոսյան, “Հրանտ Մաթևոսյան” հիմնադրամի տնօրեն, ռեժիսոր


Նկարները կարող եք դիտել այստեղից:

Տեսանյութ`




Բաց նամակ Հայաստանի ժողովրդին, Հայաստանի կառավարությանը և միջազգային կազմակերպություններին:

Շատ շուտով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի որոշում է կայացնելու: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է որոշի, թե ինքը համարձակվելու՞ է Մադենադարանի առջև միանալ ուրիշներին ՝ մասնակցելու համար մարտի 1-ից ի վեր ընդդիմության կազմակերպած առաջին մեծ հանրահավաքին:

Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին նախորդած իրադարձությունները, ներառյալ խոսքի ու մամուլի ճնշումները և բուն քվեարկության ընթացքում ու հետո ուժի կիրառմամբ կատարված զարհուրելի վայրագությունները, արդար ընտրություններն անհնարին դարձրին և հանգեցրին կեղծված արդյունքների:

Հարյուր հազարավոր մարդիկ խմբվեցին և օրեր ու գիշերներ անցկացրին Ազատության Հրապարակում՝ խաղաղ բողոքի ցույց անելով պաշտոնական արդյունքների դեմ:

Մարտի 1-ի գիշերը Հայաստանի կառավարությունը մահացու ուժ կիրառեց իր իսկ ժողովրդի դեմ, որի համար ոչ մի արդարացում լինել չի կարող: Այդ պահից սկսած Հայաստանը գտնվում է անհիմն արտակարգ իրադրության պայմաններում, ուր հետագա փոփոխությունների շղարշը միջազգային հանրության քննադատությունները հանդարտեցնելու նպատակ ուներ միայն: Որևէ իրական փոփոխություն չկատարվեց՝ վերականգնելու Հայաստանի յուրաքանչյուր կնոջ, տղամարդու, երեխայի անկապտելի իրավունքներն ու ազատությունները, որոնց այդ իրավունքներն ու ազատությունները պատկանում են ոչ թե այն պատճառով, որ իրենք Հայաստանի քաղաքացիներ են, այլ որովհետև իրենք կան: Եվ, պարզ ասած, որևէ հոդված կամ օրենք չի էլ կարող վերացնել այդ իրավունքներն ու ազատությունները:

Հունիսի 20-ին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընդունի այդ կարևոր և դժուար որոշումը: Դժուար, քանի որ ներկայիս կառավարությունն արդեն իսկ ապացուցել է, որ իր համար ուժն ինքնին նպատակ է, և որ որևէ միջոցի կիրառում այդ նպատակի համար արդարացի է` ըստ իրենց:

Մենք՝ ներքոստորագրյալներս, սատարում ենք Հայաստանի ժողովրդի իրավունքներն ու ազատությունները, իր քաղաքացիների հանդեպ սոսկ արգահատանք ցուցաբերած կառավարության դեմ խաղաղ կերպով իր դժգոհությունը հայտնելու նպատակով հավաքվելու ժողովրդի իրավունքը:

Պահանջում ենք, որ Հայաստանի կառավարությունը վերականգնի իր ժողովրդի իրավունքներն ու ազատությունները:

Մարդու, քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին հորդորում ենք հավատարիմ մնալ իրենց իսկ սկզբուքներին, փոփոխության կեղծ պատրանքներով չխաբվել և օգնել ապահովելու այն իրավունքներն ու ազատությունները, որ պատկանում են Հայաստանի ժողովրդին:


Ա. Մանուկյան [aramazd.livejournal.com]

Հ. Նազարյան [
hnazarian.blogspot.com]

ՀԻՄԱ Երիտասարդական Շարժում [
himaam.info]

Պենելոպ Մորիսոն

Սեյվ Արմենիա Գործող խումբ [SAAG]

Գեղեցկությունը կփրկի աշխարհը [YouTube: BeautySavesWorld]

Մանե Մանուկյան, Լոռվա մարզի ՀՀՇ ղեկավար քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի դուստրը [YouTube
zzz13423]

Ջոն Լոու, ԱՄՆ Փիս Քորի նախկին կամավոր, Ժողովրդավարություն և Զարգացում, Վանաձոր

Ծիծեռնակ [
tzitzernak.blogspot.com]

Հունիսի 20-ի հանրահավաքը կայանալու է Մատենադարանին հարող տարածքում

Մենք հաստատակամ էինք տեղի չտալ որեւէ ապօրինության առաջ եւ իրականացնել ազատ հավաքների մեր իրավունքը հունիսի 20-ին Ազատության հրապարակում, ինչի մասին բազմիցս ծանուցել ենք: Վարչախումբը նույնպես համոզված էր դրանում, ուստի եւ զորքերին փոխարինեց երեխաներով, բազմակի փորձով համոզված, որ ի տարբերություն իրենց, մենք ոչ մի դեպքում չենք խախտի տարրական բարոյականության սահմանը: Մենք թեեւ դատապարտում ենք երեխաների քաղաքական նպատակներով օգտագործելու ստոր արարքը, իրոք չենք կարող մեր բարոյականությամբ հավասարվել իշխանություններին եւ կոչ անել մեր աջակիցներին հավաքվել Ազատության հրապարակում, որը ծայրեծար կահավորված է մանկական խաղերով եւ որտեղ հունիսի 20-ին լինելու են երեխաներ: Ուստի եւ, հունիսի 20-ին, ժամը 18-ին, հանրահավաքը տեղի կունենա Մատենադարանին հարող տարածքում:

Համաժողովրդական շարժման կենտրոն

Հայտարարություն

Բոլոր ազատատենչ երիտասարդները հունիսի 18-ին, ժամը 18.00 հրավիրվում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիր (Հ/Ա Բ1 թաղամաս, Ա. Բաբաջանյան 25)` Շարժման երիտասարդների 1-ին կոնգրեսին մասնակցելու համար: Կոնգրեսին ելույթ են ունենալու Համաժողովրդական շարժման մաս կազմող քաղաքական ուժերի երիտասարդական թևերի և մի շարք երիտասարդական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև որոշ անհատներ: Կոնգրեսի վերջում կհրապարակվի համատեղ հայտարարություն: